ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Աշխարհում ամեն ինչ գաղափարի վրա է հիմնված, իսկ մենք միայն մի բան ենք սիրում՝ «նաղդ» փող»

«Աշխարհում ամեն ինչ գաղափարի վրա է հիմնված, իսկ մենք միայն մի բան ենք սիրում՝ «նաղդ» փող»
13.02.2009 | 00:00

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ ՉԷ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՐՑ Է»
…և ոչ միայն մշակույթի մասին
Ռեժիսոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, չնայած իր հանրաճանաչությանը և մասնագիտական նվաճումներին, իրեն նախ և առաջ համարում է հայորդի, տղամարդ, զինվոր, ապա միայն արվեստագետ, ռեժիսոր: Նա հայրենիքի, սփյուռքի, ազգային գաղափարախոսության վերաբերյալ իր մոտեցումներն է բացահայտում այս հարցազրույցի ընթացքում:
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 20-ՐԴ ԴԱՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ ԵՂԱՎ ՀՐԵԱՆԵՐԻ ՋԱՐԴԸ»
-Պարոն Գևորգյան, ԵԽԽՎ-ն, այնուամենայնիվ, Հայաստանին չվտարեց իր շարքերից: Հույս ունե՞ք Հայաստանի և Թուրքիայի՝ եվրոպական ընտանիքին ինտեգրացվելու արդյունքում վերջնականորեն լուծված տեսնել հայոց ցեղասպանության խնդիրը:
-Այս խնդիրն ազգային է, և մեզ դատավորներ կամ միջնորդներ պետք չեն: Եվրամիությունը եսասեր, առաջնահերթորեն իր շահերը պաշտպանող կառույց է: Ռուս-վրացական կոնֆլիկտի ժամանակ տեսանք, թե ինչ է իրենից ներկայացնում: Սխալվում ենք, եթե ուզում ենք, որ նա մեր և թուրքերի միջնորդը դառնա: Եվրամիությունը շատ սահմանափակ դաշտ է, մեր խնդիրը դուրս է գտնվում այդ դաշտից: Դրա լուծումը Եվրամիության գործը չէ: Գուցե ՄԱԿ-ի գործն է, գուցե մեկ այլ մեծ կառույցի: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունն է, որի հետևանքը եղավ հրեաների ջարդը: Ցեղասպանության հարցը քաղաքական հարց չէ, բարոյական հարց է, և պետք է բարձրացվի ու վերլուծվի գերագույն ատյաններում:
«ԵՍ ՇԱՏ ԿԶԱՐՄԱՆԱՄ, ԵԹԵ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՆՉ-ՈՐ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵՆ»
-ԱՄՆ-ի Կոնգրեսը կարո՞ղ է իբրև այդպիսի ատյան ծառայել:
-Իհարկե:
-Իսկ Օբամայի պարագան կարո՞ղ է նպաստել, որ Կոնգրեսը ճանաչի ցեղասպանությունը:
-Ո՛չ: Դա բացառված է: Մենք՝ հայերս, հակված ենք պատրանքների: ՈՒզում ենք, որ մեկը մեզ հասկանա, օգնի, շոյի: Սա թույլ դիրք է: Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք, թելադրենք մեր կամքը, լիաթոք հնչեցնենք մեր հարցը: Եվ այս հարցից մշտապես կառչելով՝ պիտի թույլ չտանք, որ այն ժամանակ առ ժամանակ մարի, քաղաքականացվի, այս ու այն կողմ տարուբերվի: Ամերիկայի հայությունն ամեն նախագահի իշխանության գալու ժամանակ այս հարցը բարձրացնում է, և երբեմն Կոնգրեսն սկսում է այն քննարկել իր համապատասխան հանձնաժողովներում՝ միշտ տալով նույն պատասխանը՝ ո՛չ: Ես շատ կզարմանամ, եթե ամերիկացիները ցեղասպանության հարցի ուղղությամբ ինչ-որ դրական քայլ կատարեն: Նույնը կասեի Իսրայելի մասին: Այդ երկուսը փոխկապակցված պետություններ են, դրանց համատեղությունն առկա է ամեն ինչում: Իսրայելը հայոց ցեղասպանությունը չի ընդունի երբեք: Հայոց մեծ ցեղասպանությունը, դժբախտաբար, կատարել են մահմեդական կրոնն ընդունած էթնիկ հրեաները՝ դոնմեները: Դրանք պրագմատիկ մարդիկ էին, որոնք ուզում էին կրոնափոխության ճանապարհով բարձր դիրքերի հասնել, առաջ գնալ: Ընդունելով հայոց ցեղասպանությունը՝ Իսրայելը պետք է Թալեաթին, Էնվերին, Նազիմին և մյուսներին դատապարտի՝ որպես ազգային վիժվածքների: Իհարկե, ես չեմ խոսում հրեա ազգի մասին, խոսքս անձերի մասին է: Մենք գիտենք այնպիսի առաքինի հրեաների՝ Վերֆել, Լեմկին և ուրիշներ, ովքեր որևէ կապ չունեն անբարոյական դահիճների՝ ցեղասպանության գաղափարակիրների հետ: Թուրքերը, մասամբ էլ քրդերը, այս ցեղասպանության ժամանակ կացին են եղել, գաղափարակիր չեն եղել: Կային նաև համամասնակիցներ՝ գերմանացիները, անգլիացիները, ռուսները, դեսուդեն շուռ եկող ֆրանսիացիները: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնցից, չգիտես ինչու, մենք փորձում ենք խուսափել: Այնինչ հարցը պետք է դնել հրեաների առաջ և ասել, որ իրենց ազգի մեջ եղել են այնպիսի ներկայացուցիչներ, որոնց պետք է դատապարտել: Եվ դա ճիշտ կլինի, ազնիվ կլինի: Բայց հրեաները դրան չեն գնա, հետևաբար, չի գնա նաև Ամերիկան, որովհետև նրանք սերտորեն կապված են: Օբաման՝ որպես անհատ, ոչինչ չի որոշում:
-Իսկ Իսրայելի և Թուրքիայի՝ Գազայի խնդրի շուրջ սրված հարաբերություններն ինչ-որ բան որոշո՞ւմ են:
-Թուրքերի և հրեաների միջև այսօր կռիվ կա, ուղղակի կռիվ: Թուրքիայում ձևավորվել է երկու թև՝ կրոնական՝ իսլամական և ազգայնական: Առաջին թևը էթնիկ թուրքերն են, երկրորդը՝ հայտնի չէ, թե ինչ: Թուրքերը պառակտվել են: Իսլամականներն ազգայնականներին մեղադրում են այսօր ստեղծված վիճակի համար, նրանք հայտարարում են, որ իրենք մեղք չեն գործել հայերի դեմ, որ ցեղասպանության պատասխանատվությունը պիտի ազգայնականները կրեն: Եվ սա ներքին մեծ խնդիր է թուրքերի համար: Այս սրված հարաբերությունների պատճառով էլ ազգայնականները Էրդողանին, Գյուլին և իսլամական այլ գործիչների փորձում են դաշտից հեռացնել: Եվ սա է Իսրայելի ու Թուրքիայի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը: Կա ևս մեկ ենթատեքստ՝ քրդական հարցը: Թուրքիան Իսրայելի միակ դաշնակիցն է այդ տարածքում: Եվ եթե այսօր Իսրայելը դուրս է գալիս Թուրքիայի ղեկավարության (ոչ թե Թուրքիայի) դեմ, դա նշանակում է, որ նրանք ուզում են փոխել այդ ղեկավարությունն ու նորից իշխանության գլխին տեսնել ազգայնականներին: Այս իրադրությունը մեզ շանս է տալիս, նոր շանս: Մենք պետք է փորձենք երկխոսության մեջ մտնել Թուրքիայի այսօրվա կառավարության հետ, որովհետև եթե այն փոխվի, ապա իշխանության կգա մեկ այլ կառավարություն, որի հետ այլևս խոսել չենք կարողանա:
-Որպես երկխոսության սկիզբ՝ ճի՞շտ եք համարում «ֆուտբոլային դիվանագիտությունը», որի համար մենք անգամ FIFA-ի մրցանակին արժանացանք՝ առայժմ միակին ֆուտբոլի ասպարեզում:
-Երբ այդ պինգպոնգային մոտեցումով հարաբերությունների մեկնարկը տրվեց, կարելի էր դա հասկանալ, որովհետև երկու պետություններն ինչ-որ կերպ պետք է սկսեին լեզու գտնել միմյանց հետ: Կարելի է լուծել երկխոսության հարց՝ ֆուտբոլից սկսելով, բայց մեր և թուրքերի միջև գերլուրջ հարց կա, որ ֆուտբոլի կամ դրա նման պարզունակ բաների միջոցով չէ, որ պիտի լուծվի:
«ԴԻՆՔԸ ԴԱՐՁԱՎ ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԸՆԴՀԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ԹՈՒՐՔ ԻՍԼԱՄԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻ ԹԵԺԱՑԱԾ ՊԱՌԱԿՏՄԱՆ ԶՈՀԸ»
-Համամի՞տ եք այն տեսակետին, թե Հրանտ Դինքի սպանությամբ հայ-թուրքական կոնֆլիկտը թևակոխել է նոր փուլ:
-Հրանտ Դինքը հերթական զոհն էր՝ ո՛չ առաջինը, ո՛չ վերջինը: Դինքը դարձավ լակմուսի թուղթ՝ Թուրքիայի ներքին ընդհարման հարցում, թուրք իսլամականների և ազգայնականների թեժացած պառակտման զոհը: Պատահական չէր, որ շատ թուրքեր դուրս եկան փողոց ու ասացին. «Ես հայ եմ, ես Հրանտ Դինքն եմ»: Սա նշանակում է, որ Թուրքիայի հասարակությունը միատարր չէ, որ հայ-թուրքական խնդիրը միատեսակ չի ընկալվում բոլոր թուրքերի կողմից: Այդ երկրում բազմերանգ, շերտավորված հասարակություն է ապրում, և մենք պետք է կարողանանք զանազանել նրանց: Պետք է մատնացույց անենք, թե ովքեր են ցեղասպանության հեղինակները և ճիշտ հասցեով ուղարկենք մեր նամակները: Ոչ թե՝ Չեխովի հերոսի նման՝ «Մեր գյուղը։ Պապիս»:
«ԶՈՀԵՐԻ ՈՍԿՈՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԱՆՔ»
-Չգիտենք, թե որ հասցեով ուղարկենք: Իսկ գիտե՞նք՝ ինչ բովանդակության նամակ ուղարկենք:
-Քանի որ ուղարկողը մենք ենք, պիտի մեր ուղարկածի բովանդակությունը լավ հասկանանք: Եթե դեռ վատ ենք հասկանում, նշանակում է այդ նամակն առայժմ պետք է թողնենք տանը: Եվ, իմ կարծիքով, մենք դեռ պատրաստ չենք հասցեագրելու այդ նամակը: Այո՛, ինչ-որ ծիսակատարություններ ենք անում, քայլեր ենք ձեռնարկում, լոբբինգով ենք զբաղվում թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում: Բայց համակարգված, կենտրոնաձիգ, ուղղասլաց գործունեություն չկա: Այս խնդիրը պետք է մատուցվի ամեն տարի՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ 365-366 օր շարունակ, ոչ թե միայն ապրիլի 24-ին: Դա մեր տարեկան աշխատանքի ժամկետը պիտի լինի՝ տարվա առաջին վայրկյանից մինչև վերջին զանգը ներառյալ: Սա կարող է ոմանց ծայրահեղություն թվալ, բայց այդպես պետք է լինի: Ցեղասպանության պատասխանը պահանջողները մենք ենք: Եթե չենք պահանջում, նշանակում է իմպոտենտ ենք, անդամալույծ ենք, հիվանդ ենք: Սա ճակատ է, որտեղ պետք է կռիվ տանք հեռուստատեսությամբ, մամուլով, գրականությամբ, արվեստով և այլ միջոցներով: Աշխարհը պետք է կռանա, կուչ գա այդ ծանր բեռան տակ: Մինչև մենք այդ հարցի մատուցումը չհասցնենք համապատասխան չափաբաժնի, իրավունք չունենք ծաղիկ դնելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեր ծաղիկները պետք է լինեն ամենօրյա գործողությունները և մեր պատրաստ պահած բռունցքները: Սա կլինի գործունեություն, ոչ թե ծիսակատարություն: Զոհերի ոսկորները պահանջում են գործողություն, աշխատանք: Ես ուշ եմ եկել այսպիսի եզրակացության և ինձ հանցագործ եմ համարում այս հարցում: Ա՛յս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք:
-Ինչո՞վ են հայերը գրգռում օտարներին, ինչո՞ւ ենք մենք անվերջ հակամարտության թիրախ դառնում:
-Ասեմ՝ ինչով: Միշտ որոշ հարցերում հաջողակն արժանանում է չար, նախանձ վերաբերմունքի: Իսկ մենք այս տարածքում հաջողակ ժողովուրդ էինք, տնտեսություն էինք ղեկավարում, առաջադեմ մտավորականներ, արվեստագետներ ունեինք: Սա էր մեր հանդեպ խանդի պատճառը: Մենք ևս ունենք մեր մեղքը ցեղասպանության հարցում: Չէ՞ որ մինչև 1915-ն արդեն եղել էին համիդյան և այլ ջարդեր: Ինչո՞ւ մենք կազմակերպված, համախմբված, զինված չէինք: Սա մեր մեղքն է, ու մենք այն չպետք է անտեսենք: Հակառակ դեպքում այս փակուղուց դուրս չենք գա: Իմանալով, թե ում հետ են ապրում, ունենալով փող, գույք, տնտեսություն, հայերը մի հասարակ բան չկարողացան անել՝ կազմակերպվել ու դառնալ անձեռնմխելի: ՈՒ հիմա էլ նույնն են շարունակում անել: Կա մի գերլուրջ հարց՝ ազգային գաղափարախոսության հարցը: Հայերը մասնատվել են, դուրս են եկել միմյանց դեմ: Մենք պետք է համախմբվենք սփյուռքի հետ: Այսօր մեկս մյուսից շատ տարբեր ենք՝ քերականությամբ, լեզվով, մշակույթով, կենցաղով, մտածողությամբ: Մեր ազգի գլխին կտուր է պետք: Չունե՛նք: Մենք՝ հայաստանցիներս, տղամարդն ենք, քանի որ սեփական հողի վրա ենք կանգնած, իսկ սփյուռքը կինն է: ՈՒ մենք, տղամարդ լինելով, ձեռքներս տնկում ենք կնոջն ու փող ուզում՝ լրբի պես: Սփյուռքը չի հասկանում, թե ինչ են անում այս հայաստանցի պաշտոնյաները: Շվարած նայում է ու բան չի կարող ասել, որովհետև կին է, հայ կին: Նա գիտի, որ պիտի դիմանա տղամարդու արարքներին, տղամարդն էլ իր բոլոր ապաշնորհությունները պիտի փաթաթի կնոջ վզին ու ինքնահաստատվի նրա հաշվին: Սա է մեր իրականությունը: Փոխանակ տղամարդավարի հարց դնենք, խնդիրներ դնենք սփյուռքի առաջ, համախմբենք բոլորին, դառնանք երևույթ, լակոտի պես, աղքատի պես ձեռք ենք մեկնում ու մուրացկանություն անում: Մենք՝ հայերս, պահանջկոտ չենք: Նեղացկոտ ենք, նյարդային ենք, բորբոքվող ենք, համակարգ ասվածը չենք հասկանում, գաղափար ասվածը չենք գիտակցում: Աշխարհում ամեն ինչ գաղափարի վրա է հիմնված, իսկ մենք միայն մի բան ենք սիրում՝ «նաղդ» փող: Մեր «նաղդ»-ը խանութն է: Հիմա էլ ուզում ենք պետությունը խանութ դարձնել: ՈՒ արդեն դարձրել ենք: Բայց քանի որ մեր պետությունը փոքր է, ու բոլորին բաժին չի հասնում, սկսում ենք իրար կոտորել: Տնտեսություն չունենք, ռեսուրսներ չունենք: Ապրում ենք փոխանցումներով, որ արդեն նվազել են: Թշնամիներն էլ՝ լիքը: Ո՞նց ենք զարգանալու: ՈՒ ոչ մի կուսակցություն այս խնդիրն առաջ չի քաշում: Այսօր կա հուսալքություն, արդեն իրար վրա ենք կրակում, իրար հետ ենք կռվում: Աստված չանի` վիճակն ավելի լրջանա:
«ՄԵՆՔ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՆՔ ՏԱՐԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ԵՎ ՍՐԱ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ՀԱՊՃԵՊ-ՄԻ ԿԵՐՊ, ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ՎԱՐԿԱԲԵԿԻՉ»
-Ի՞նչ ապագա եք կանխատեսում հայկական կինոյի համար:
-Կարծում եմ, որ մենք պետք է պատասխան տանք հայ կինոյի բախտի հետ կապված հարցերին: Երեք տարի առաջ կինոստուդիա ունեինք, հիմա դա էլ չունենք: Կային ինչ-որ պատրանքներ, որ այդ ստուդիան կդառնա միջազգային երևույթ, որ այստեղ ներդրումներ կանեն, տեխնիկական բազա կստեղծեն: Սուտ էր, ոչինչ չարվեց, ու հիմա ստուդիան քարուքանդ վիճակում է: Կարճ ասած՝ մեզ «քցեցին»: Սա հարցի արտաքին կողմն է, տարածքի, տեխնիկայի խնդիրն է, որ իմ կարծիքով, առաջիկա տասը տարում չի լուծվելու: Հիմնական հարցը ազգային կինոյի առաջին քայլերն են և այն, թե ով պիտի այդ քայլերը կատարի: Դրա համար մեզ ո՛չ ստուդիա է պետք, ո՛չ էլ ինչ-որ արտակարգ պայմաններ: Դրա համար կամք է պետք, խելք, նպատակ: Վերջին 20 տարում մեր ժողովուրդը տեսավ պատերազմ, արտագաղթ, երկրաշարժ և այլ ողբերգություններ: Եվ չնկարվեց ոչ մի լուրջ ֆիլմ այս ամենի մասին: Կինոն պետք է համահունչ լինի ժամանակին, խոսի ժամանակի հարցերի մասին, սերտ կապ ունենա ժողովրդի հետ, լինի ժողովրդական ու միաժամանակ հասցեագրված լինի դրսի աշխարհին: Կինոն և՛ պիտի ներքին տարածքը յուրացնի ու ներկայացնի, և՛ հասցեագրվի արտաքին տարածքին: Այս երկու կողմն էլ պիտի ապահովված լինեն, իսկ մեր այսօրվա կինոն այդ երկու թևը չունի, միակողմանի է: Եվ, իմ կարծիքով, հիմա ընթանում է տարբեր անձերի, տարբեր հեղինակների ինքնահաստատում կինոդաշտում: Այսօրվա ֆիլմ ստեղծողները չգիտեն, թե ինչ է պատերազմը, քանի որ չեն մասնակցել պատերազմին: Պատերազմն ունի իր հոտը, իր մթնոլորտը. դա խաղարկային կինոյի թեմա չէ: Եթե պատերազմ չես տեսել, նստի՛ր տանդ, մի՛ նկարիր կինո՝ չիմացածիդ մասին: Ես սա ասում եմ որպես պատերազմի մասնակից: Մենք առաջին անգամ հաղթանակ ենք տարել պատերազմում, և սրա մասին խոսել հապճեպ-մի կերպ, վտանգավոր է, վարկաբեկիչ:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5822

Մեկնաբանություններ